Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի և կազմակերպության միջև համագործակցության ընթացիկ հարցերը։

«Ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակին և ՄԱԿ-ի կարևոր դերին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր ասամբլեայի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման և գենդերային հավասարության խնդիրներին»,- նշված է վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։