Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է իր ուկրաինացի գործընկերոջը
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է իր ուկրաինացի գործընկերոջը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության վարչությունում դեմ առ դեմ հանդիպման ընթացքում ընդգծվել են Վրաստանի և Ուկրաինայի միջև հատուկ բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը: Կողմերը քննարկել են իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Ընդգծվեց վրացական կողմի դիրքորոշումը հակամարտության լուծման խաղաղ քաղաքականությանը հավատարիմ մնալու հարցում:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց իր ուկրաինացի գործընկերոջը՝ Ուկրաինայի կողմից Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ուկրաինայի համար ընդհանուր մարտահրավերները՝ Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքները և բռնազավթման ծանր հետեւանքները: Վրաստանի վարչապետը իր խորին մտահոգությունն է հայտնել իր ուկրաինացի գործընկերոջը՝ կապված Ռուսաստանի ռազմական ակտիվացման հետ Ուկրաինայի սահմաններին և ժամանակավորապես գրաված Ղրիմում: Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատեց իր ուժեղ աջակցությունը իր ուկրաինացի գործընկերոջը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում», – հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից:

Նրանց խոսքով, դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

«Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները: Նշվել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնվում են, և առևտրաշրջանառությունն էլ ավելի մեծացնելու համար կարևոր է լիարժեք օգտագործել տնտեսական համագործակցության ներուժը: Ընդգծվել է նաև զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտում կապերի ամրապնդման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության ամրապնդումը:

Նշվել է Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը: Զրույցում անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Վրաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությանը:

Կողմերի գնահատմամբ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի և ՎՈՒԱՄ-ի ձևաչափերով համագործակցությունը լավ հնարավորություն է փոխօգնության և փոխադարձ աջակցության», – ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած տեղեկության մեջ:

Ընդլայնված հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների վարչապետները՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար Օլեգ Նեմչինովը, Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Օլեքսանդր Տկաչենկոն, Ուկրաինայի վարչապետի արտաքին հարաբերությունների խորհրդական Օլենա Կոտլյարովան, վրացական կողմից՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն: