Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցերը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։
«Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի վարչապետի հաջող միջնորդության մասին, որի արդյունքում Հայաստանի 15 քաղաքացիներ ազատ են արձակվել, իսկ ականապատ տարածքների կարևոր քարտեզները փոխանցվել են Ադրբեջանին։ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագա ակտիվ համագործակցության համար և նշել, որ Վրաստանը աջակցում է երկխոսությանը, որը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։
Զրույցում կարևորվել են նաև ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների երկար պատմությունը և գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարները», – ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։