Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է FTX Digital Market-ի գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է FTX Digital Market-ի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող FTX Digital Market-ի գործադիր տնօրեն Ռայան Սալեմի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում ներդրումային հնարավորությունները և բարենպաստ գործարար միջավայրը։ Քննարկվել են այն ուղղությունները, որոնցով կարելի է զարգացնել համագործակցությունը։ Կարևորվեցին նաև այն ոլորտները, որոնք նախընտրելի են ընկերության համար։

«Վարչապետը FTX Digital Market-ի գործադիր տնօրենին վերահաստատել է Վրաստանի կառավարության առավելագույն աջակցությունը երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացմանը։

FTX Crypto Derivatives Exchange-ի պատվիրակությունը հրավիրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից՝ ուսումնասիրելու Վրաստանում առկա հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հանդիպել է FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն Ֆրիդին և առաջարկել քննարկել տարածաշրջանային գրասենյակի կամ հաճախորդների սպասարկման ընդլայնումը Վրաստանում՝ ավելի լայն տարածաշրջանին սպասարկելու համար:

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։