Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման հիմնական հարցերն էին Վրաստանին ԵՄ անդամակցության հեռանկար տրամադրելու Եվրոպական խորհրդի որոշումը և երկու երկրների միջև առկա գործընկերությունը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կարևորվել է Ֆրանսիայի՝ որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի դերը և եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի աջակցության կարևորությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ֆրանսիայի միջև դինամիկ և ինտենսիվ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։

Իրակլի Ղարիբաշվիլին հարմար պահին Էմանուել Մակրոնին հրավիրել է Վրաստան։