Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է EBRD-ի գործադիր տնօրենի և Կովկասում EBRD-ի նոր տարածաշրջանային տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի հետ, որը կառավարության ղեկավարին է ներկայացրել Կովկասում «EBRD»-ի նոր տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրենիոս Դրակինոսին։
Հանդիպմանը մասնակցել են «EBRD»-ի տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատար Կատարինա Բյորլին Հանսենը, ով իր պարտականությունները կավարտի օգոստոսի 30-ին, և Ալկիս Վրենիոս Դրակինոսը, ով իր պարտականությունները կսկսի սեպտեմբերի 1-ից:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ալկիս Վրենիոս Դրակինոսին նոր պաշտոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Կատարինա Բյորլին Հանսենին՝ Վրաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Կառավարության ղեկավարը Կատարինա Բյորլին Հանսենին և Ալկիս Վրենիոս Դրակինոսին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում։
Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և «EBRD»-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները և նախագծերը։ Վարչապետը կարևորել է «EBRD»-ի աջակցությունը երկրի ռազմավարական ուղղությունների ֆինանսավորման առումով։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը եվրոպական նկրտումներ ունեցող երկիր է, որը գնում է տնտեսական վերափոխման եվրոպական ճանապարհով, և այս գործընթացում կարևոր է «EBRD»-ի դերը։
Նշվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Վրաստանում 286 նախագծերում ներդրել է մոտ հինգ միլիարդ եվրո։
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։