Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի հետ։
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դինամիկ գործընկերության հիմնական ուղղությունները։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են երկկողմ այցերը Վրաստանի և Չեխիայի միջև։ Արտահայտվել է առկա համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։ Ընդգծվել է Չեխիայի կողմից եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական վերափոխումների և բարեփոխումների ուղղությամբ Չեխիայի ցուցաբերած նշանակալի օգնությունը։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի արդարադատության նախարարին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անշեղ աջակցության համար և ընդգծել Չեխիայի մասնակցության կարևորությունը Եվրամիության դիտորդական առաքելությանը։
Զրույցն անդրադարձել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած կարևոր առաջընթացին։ Նշվեց, որ Եվրախորհուրդը, Վրաստանին տալով եվրոպական հեռանկար, հաստատեց, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և այս որոշումը հիմք դրեց նոր փուլի, որը պետք է Վրաստանը հասցնի Եվրամիության անդամակցությանը։ Ընդգծվել է Չեխիայի՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկրի դերը և եվրաինտեգրման գործընթացում Չեխիայի աջակցության կարևորությունը։
Զրույցում անդրադարձ է եղել նաև Եվրոպական միության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին, որն անցկացվել է Պրահայում։ Վարչապետի խոսքով, հիշյալ գագաթնաժողովը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն և կնպաստի եվրոպական մայրցամաքում խաղաղության և կայունության ապահովման ջանքերի միավորմանը»,- ասված է տեղեկատվության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Չեխիայի արդարադատության փոխնախարար Զուզանա Փիսերովան, Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։