Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Binance կրիպտոարժույթների բորսայի հիմնադիր և գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Binance կրիպտոարժույթների բորսայի հիմնադիր և գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է կրիպտոարժույթների աշխարհի խոշորագույն բորսայի՝ Binance-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի դիրքավորումը՝ որպես ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների հանգույց, Վրաստանի ռազմավարական դիրքը և նորարարությանը միտված կառավարությունը։ Նշվել է երկրի կայուն և բարենպաստ գործարար միջավայրը, որը ներդրողներին զգալի հնարավորություններ է ընձեռում։ Բացի այդ, պատրաստակամություն է հայտնվել հետագա համագործակցության համար։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացմանը, իսկ վրացական օրենսդրությունը պատրաստ է կարգավորել կրիպտո փոխանակումը։

Binance-ը՝ կրիպտոարժույթների աշխարհի ամենամեծ բորսան, դուստր ձեռնարկություններ ունի աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Forbes-ի տվյալներով՝ Չանգպեն Չժաոյի կարողությունը կազմում է 17,4 միլիարդ դոլար։

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Ազգային բանկի փոխնախագահ Պապունա Լեժավան։