Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Թիլյերին։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Բելգիայի Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը և կենտրոնացել միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորությունների վրա։

«Հանդիպմանը դրական է գնահատվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների սերտ գործընկերությունը, ընդգծվել են առևտրատնտեսական, ներդրումների, զբոսաշրջության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ հանդիպմանը վարչապետը հանգամանորեն խոսել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի և Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների զգալի մասի իրականացման մասին։ Իրակլի Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչելու պատմական որոշման վրա և ընդգծել տարվա վերջին երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը։

Վարչապետը նշել է, որ այս տարի առաջին անգամ Վրաստանը որպես հյուրընկալող երկիր ներկայացված է այնպիսի բարձր մակարդակի միջազգային մշակութային փառատոնում, ինչպիսին «Եվրոպալիան» է։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, փառատոնն ամբողջությամբ նվիրված է Վրաստանին, ինչը կբարձրացնի Բելգիայի Թագավորության և ամբողջ Եվրոպայում երկրի իրազեկվածությունը և էական խթան կհաղորդի Վրաստանի եվրոպական մշակույթի առաջմղմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին հիշարժան գրառում է կատարել հյուրերի գրքում։

«Վարչապետի հետ հանդիպումից հետո նախագահ Էլիան Թիլլին վրացական պատվիրակությանը շրջայց է կատարել Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատմական շենքում»,- նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։