Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և ԱՄՀ-ի սերտ համագործակցությունը։ Ընդգծվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաստատված նոր ծրագրի կարևորությունը հատկապես տարածաշրջանում տիրող իրավիճակի լույսի ներքո։
Քննարկվել են նաև երկրում առկա տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական պարամետրերը։ Նշվել է, որ Վրաստանը պահպանում է դրական դինամիկա, իսկ հունվար-մայիսին միջին տնտեսական աճը կազմում է 11,2%։
Իրակլի Ղարիբաշվիլին կենտրոնացել է կոնկրետ ոլորտների վրա, որոնք առաջնահերթություն են Վրաստանի կառավարության համար։ Դրանց թվում ընդգծվել է էներգետիկ անկախության, ենթակառուցվածքների ամրապնդման, պարենային անվտանգության ապահովման և կառուցվածքային բարեփոխումների կարևորությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիհադ Ազուրին աջակցության և այն աշխատանքի համար, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անում է Վրաստանի համար։
Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի օգնական Ֆրանցիսկո Պարոդին և Վրաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Սելիմ Չաքիրը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։