Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ-Նահիանիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հիմնական ուղղությունները։ Ընդգծվել է երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին են վկայում վերջին տարիներին բարձր մակարդակի այցերը։ Արտահայտվել է առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն։
Նշվել է, որ Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի ռեժիմի հաստատման շուրջ բանակցություններն ակտիվ ընթացքի մեջ են, իսկ Վրաստանում բազմաթիվ նախագծեր ֆինանսավորվում են արաբական ներդրումներով, և ողջունելի է, որ դրանց թիվն աճում է։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների խթանման և զարգացման համար։ Ընդգծվել է զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի ինն ամիսների ընթացքում աճել է 84%-ով և կազմել 190 մլն դոլար։