Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Անտոնիո Գուտերեշին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Անտոնիո Գուտերեշին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ կառավարության ղեկավարի Նյու Յորք այցի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկվել են աշխարհում առկա իրավիճակն ու մարտահրավերները։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Անտոնիո Գուտերեշին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար և նշել, որ գնահատում է ՄԱԿ-ի ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

«Ընդգծվել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը, որն ուղղված է Վրաստանի տարածքների ապաօկուպացմանը և օկուպացիոն գծով բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը։

Զրույցն անդրադարձել է Ուկրաինայում շարունակվող պատերազմին և դրա ազդեցությանը աշխարհի վրա։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմն ամբողջությամբ խարխլել է միջազգային անվտանգության ճարտարապետությունը և կանոնների վրա հիմնված կարգը», – ասվում է վարչապետի մամուլի գրասենյակում։

Նրանց տվյալներով՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության միջավայրին։

«Ընդգծվել է Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ իր հերթին Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դերակատարումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։