Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Անալենա Բերբոկին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Անալենա Բերբոկին

Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը և թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման դինամիկան եղել են այն հիմնական հարցերը, որոնք քննարկվել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հանդիպմանը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Անալենա Բերբոկին՝ եվրաինտեգրման գործընթացում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Վրաստանի քաղաքական և գործնական աջակցության համար և ընդգծել Վրաստանի և ասոցացված եռյակի երկրների աջակցության կարևորությունը։

Հանդիպմանն ընդգծվել է նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Իրակլի Ղարիբաշվիլին և Անալենա Բերբոկը խոսել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։ Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը սևծովյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- նշվում է տեղեկատվության մեջ։