Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ

Վրաստանին ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը, երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հանդիպման հիմնական թեմաներն էին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետքարտուղարի օգնականի այցը Վրաստանին ԱՄՆ-ի անսասան աջակցության ևս մեկ հստակ ուղերձ է, և երկիրը հատկապես բարձր է գնահատում դա։

Նրա խոսքով, Վրաստանը կա և մնում է ԱՄՆ-ի ամենահուսալի և հավատարիմ դաշնակիցը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ վերահաստատվել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին Միացյալ Նահանգների անսասան և հաստատուն աջակցությունը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի կամքը՝ երկիրը ինտեգրելու եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, անսասան է։ Բացի այդ, կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Կառավարության աշխատակազմում հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։