Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ նրանց հաղորդագրության, հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկու երկրների ամուր, ռազմավարական գործընկերությանը և դարավոր բարիդրացիական հարաբերություններին։

«Զրույցն անդրադարձավ տարածաշրջանային կարեւորագույն նախագծերին։ Նշվել է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Ադրբեջանը Վրաստանի 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է։ Զրույցի ընթացքում քննարկվել են ուղղակի ներդրումների ներգրավման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Իրակլի Ղարիբաշվիլին նաեւ նշել է, որ Ադրբեջանի հետ սերտ համագործակցության միջոցով Վրաստանը պատրաստ է խորացնել տարածաշրջանային համագործակցությունը՝ ընդհանուր շահերին համապատասխան, էներգետիկ անվտանգության հարցերում։ Կողմերը խոսել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության կարևորության մասին։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի Հանրապետության հաստատակամ, անսասան աջակցության, ինչպես նաև չճանաչման քաղաքականության համար։ Միաժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին Ալի Ասադովին հաստատել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը Վրաստանի հաստատակամ աջակցությունը։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման կարևորությանը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ալի Ասադովին «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցելու համար և ընդգծել, որ նշված միջոցառումը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, կարևոր և արդիական է»,- նշել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։