Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին
Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին։

Կառավարության ղեկավարը փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ այսօր ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը։

Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովը բացեց համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Համաժողովին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը, ով ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը ներկայիս ճգնաժամի լույսի ներքո։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Անալինա Բերբոքը խոսել են գլոբալ մարտահրավերների մասին։

Անվտանգության 58-րդ համաժողովը հյուրընկալում է Մյունխենը՝ մինչև փետրվարի 20-ը: Համաժողովին, որը միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման համաշխարհային առաջատար ֆորումն է, մասնակցում են ավելի քան 450 բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջնորդներ, որոնք կքննարկեն միջազգային անվտանգության քաղաքականության ամենահրատապ խնդիրները։

Համաժողովին մասնակցելու համար Վրաստանի կառավարության ղեկավարին հրավիրել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Համաժողովի ընթացքում նախատեսվում են վարչապետի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի ներկայացուցիչների ու խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։