Իրակլի Ղարիբաշվիլին Դունիա Միյատովիչի հետ քննարկել է Վրաստանում և նրա օկուպացված տարածքներում մարդու իրավունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի կառավարության գործադրած ջանքերը։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Դունյա Միյատովիչին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Վրաստանում մարդու իրավունքների ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ունեցած ներդրման համար և նշել, որ Վրաստանը հավատարիմ է մնում մարդու հիմնարար իրավունքների գերակայությանը։
Վարչապետը նշել է, որ կառավարության հիմնական առաջնահերթություններից է առողջ միջավայրի ապահովումը բոլոր քաղաքացիների համար, և այս առումով, Եվրամիություն-Վրաստան Ասոցացման համաձայնագրով և բազմակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից զատ, իրականացվել են մի շարք կարևոր բարեփոխումներ։ Վերջին տարիներին Վրաստանի «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքի ընդունմամբ օրենսդրական զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Մարդու իրավունքների միասնական ազգային ռազմավարությունը Վրաստանն առաջին անգամ հաստատել է 2014 թվականին՝ հիմնված Թոմաս Համերբերգի կողմից Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցի վրա, որը ներառում էր 2014-2020 թվականները։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կառավարության վարչակազմն այժմ աշխատում է Մարդու իրավունքների երկրորդ ազգային ռազմավարության վրա, որն ընդգրկելու է 2022-2030 թվականները:
Անցյալ տարի ՄԱԿ-ի գործակալությունների, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հատվածի հետ սերտ համագործակցությամբ կառավարության վարչակազմը ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջգերատեսչական համակարգող հանձնաժողով, որը հաշվետու է Վրաստանի կառավարությանը և ապահովում է Մարդու իրավունքների միջազգային և ազգային պարտավորությունները, այդ թվում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջարկությունները:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ արտահայտվելու և լրատվամիջոցների ազատությունը Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն է, որը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ և պաշտպանված է ազգային մակարդակով տարբեր իրավական փաստաթղթերով։ Նրա խոսքով, կառավարությունը հավատարիմ է մնում լրատվամիջոցների ազատության, թափանցիկության և բազմակարծության ապահովմանը, իսկ միջազգային վարկանիշում Վրաստանի առաջատար դիրքը վկայում է այդ հարցում առաջընթացի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի օկուպացված շրջաններում՝ Աբխազիայում և Ցխինվալիում տիրող մարդասիրական և մարդու իրավունքների ծանր իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Դունյա Միյատովիչին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար և վերահաստատել Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության կարգավորման խաղաղ քաղաքականությանը։
Վարչապետը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խոսել են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության միջավայրի և մարտահրավերների մասին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Ռուսաստանի քայլերը Ուկրաինայի և Վրաստանի օկուպացիայի ուղղությամբ խաթարում են եվրոպական անվտանգությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը։
Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Կլաուդիա Լեմին, հանձնակատարի խորհրդական Օլենա Պետսունը, Եվրոպայի խորհրդի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, մարդու իրավունքների հարցերով վարչապետի խորհրդական Նիկո Թաթուլաշվիլին և Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Իրակլի Գիվիաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։