Իրակլի Ղարիբաշվիլին Բեռլինում հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին Բեռլինում հանդիպել է Օլաֆ Շոլցի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցի շրջանակներում Բեռլինում հանդիպել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Օլաֆ Շոլցին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռնարկած քայլերի, իրականացվող բարեփոխումների և Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման գործում զգալի առաջընթացի մասին։ Վարչապետը խոսել է նաև Վրաստանին Եվրամիության անդամ երկրի կարգավիճակ տալու կարևորության մասին և նշել, որ Վրաստանը սպասում է թեկնածուի կարգավիճակին տարեվերջին։

Հանդիպմանը վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի համար ԵՄ անդամ երկրների և՛ քաղաքական, և՛ գործնական աջակցությունը չափազանց կարևոր է երկրի՝ Եվրամիությանն անդամակցության հաջորդ փուլի համար։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դաշնային կանցլերը միշտ բացահայտորեն աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը, ինչի համար Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլաֆ Շոլցին։

Հանդիպմանը նշվել է նաև երկու երկրների միջև սերտ գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները։

Կողմերը խոսել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը և վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։