Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Քութայիսիի օլիմպիական լողավազան։
Օլիմպիական լողավազանի շինարարական աշխատանքներն իրականացրել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։
Ժամանակակից, օլիմպիական ստանդարտների լողավազանի երկարությունը 50 մետր է, իսկ լայնությունը՝ 25 մետր։ Լողավազանային համալիրն ունի մինչև 600 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա, փոքրիկ մանկական լողավազան, մարզասրահներ, մարզիկների և մրցավարների հանդերձարաններ, սննդի և սպորտային սարքավորումների խանութների համար նախատեսված տարածքներ։
Օլիմպիական լողավազանի շենքը հագեցած է ժամանակակից ինժեներական ցանցերով, ֆիլտրման և պոմպակայաններով, ջեռուցման, հովացման և հրդեհային համակարգերով։ Լողավազանի արտաքին հատվածում կազմակերպվել է ավտոկայանատեղի և բացօթյա սրճարան։ Նոր լողավազանից կկարողանան օգտվել ինչպես սիրողական, այնպես էլ տարբեր տեսակի ջրային սպորտաձևերի մարզիկները։ Օլիմպիական լողավազանը սպասարկելու է նաև տեղական և միջազգային սպորտային միջոցառումներ:
Լողավազանի ենթակառուցվածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Վարչապետի հետ լողավազանում ներկա են եղել գործադիր, օրենսդիր և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։