Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Ախմետայի վերականգնված պուրակ և տարածքային ամբողջականության համար զոհված զինվորների հուշահամալիր
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը վարչապետի նախաձեռնած «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում երկրի 63 մունիցիպալիտետներում։ Ախմետայում ավարտվում են Բիձինա Չոլողաշվիլի փողոցի և Օրվիլա գետի կամրջի շրջակայքի քաղաքաշինական բարեկարգման աշխատանքները, վերականգնվում են ութ շենքեր և երեք այգիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է հինգ միլիոն լարի։
Այսօր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ միասին ստուգել է Ախմետայի կենտրոնում ընթացող աշխատանքները։ Վարչապետն այցելել է Ախմետայի անհետ կորածների հրապարակ և Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված զինվորների հուշահամալիր, որի շինարարական և վերականգնողական աշխատանքներն արժեցել են 551 հազար լարի։
Նախարարը վարչապետին տեղեկացրել է «Նորացված շրջաններ» ծրագրով Ախմետայում իրականացվող ծրագրերի մասին։
Վարչապետի հետ տեղում ներկա են եղել Ախմետայի քաղաքապետ Ալեքսի Փիցխելաուրին, կառավարության վարչակազմի շրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին և խորհրդարանի անդամներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։