Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վլադիմիր Զելենսկիին. Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով, Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Նրանց խոսքով՝ Զելենսկին զրույցի ընթացքում հետաքրքրվել է Ուկրաինայի քաղաքացի, բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով։
Ըստ կառավարության վարչակազմի, Իրակլի Ղարիբաշվիլին նրան ասել է, որ բանտարկյալ Սաակաշվիլին, ինչպես և մյուս բանտարկյալները, գտնվում է քրեակատարողական հիմնարկում գտնվելու առաջին օրվանից հսկողության տակ և 24 ժամ ստանում է համապատասխան բուժօգնություն։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին թույլ են տվել իրեն տեսակցեն իր փաստաբանները, ընտանիքի անդամները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի անդամները, և նա ունեցել է հարյուրից ավելի այցելու: Նախագահ Զելենսկին քննարկել է բանտարկյալ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցը, որին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է Ուկրաինայի նախագահին, որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 18-րդ հիմնարկ տեղափոխվելուց հետո դիմադրություն է ցույց տվել և բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել աշխատակիցներին։ Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը իրականացրել է օրենքով սահմանված գործողություններ։
Ըստ մամուլի ծառայության՝ Վրաստանի կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները որակել է որպես սադրիչ, ապակառուցողական և սպառնալիք երկրի կայունությանը և անընդունելի է համարել Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին։ Վրաստանի վարչապետը նաև Ուկրաինայի նախագահին ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել այլ ծանր հանցագործությունների մեջ։
Զելենսկին պահանջել է դիտարկել հնարավորությունը և թույլ տալ ուկրաինացի բժիշկներին ստուգել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ինչին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ վրացի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող բժիշկները հոգում են բանտարկյալ Սաակաշվիլիի առողջության մասին։
Նույն հեռախոսազրույցի մասին այսօր տեղեկություն է տարածել նաեւ Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է, որ «Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն՝ միջազգային նորմերին համապատասխան»։