Իրակլի Ղարիբաշվիլին՝ դիմորդներին. Ես հավատում եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր կյանքի ուղին և ձեր աշխատանքը նույնքան օգտակար կլինի երկրի համար, որքան ձեր անձնական առաջընթացը
Հարգելի դիմորդներ, ձեր կյանքի թերևս ամենակարևոր ու պատասխանատու օրերը սկսվել են,- այս մասին «Ֆեյսբուք»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կապված միասնական ազգային քննությունների մեկնարկի հետ։
Կառավարության ղեկավարը դիմորդներին մաղթում է հաջողությամբ հանձնել քննությունները և նշում, որ կառավարությունն արել է ամեն ինչ՝ դիմորդների համար լիարժեք, հարմարավետ ակադեմիական միջավայր ստեղծելու, նրանց անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար։
«Հարգելի դիմորդներ, ձեր կյանքի թերևս ամենակարևոր ու պատասխանատու օրերը սկսվել են։ Ես խորապես հավատում եմ, որ գիտելիքն ու կրթությունը, գիտությունն ու ստեղծարարությունն այն են, ինչի վրա պետք է հիմնված լինի մեր երկրի զարգացումը։ Ուստի, ի սրտե մաղթում եմ, որ հաջողությամբ հանձնեք քննությունները և նոր ուսումնական տարվանից շարունակեք բուհերում խորացնել դպրոցներում ստացած գիտելիքները։
Ես հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ընտրեք, ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր կյանքի ուղին, իր արժանի տեղը հասարակության մեջ, որ ձեր աշխատանքը նույնքան օգտակար կլինի մեր երկրի համար, որքան ձեր անձնական առաջընթացն ու բարօրությունը:
Մեր իշխանություններն արել են ամեն ինչ՝ ձեզ համար լիարժեք, հարմարավետ ակադեմիական միջավայր ստեղծելու, ձեր անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար։
Քննական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար շնորհակալություն եմ հայտնում Կրթության նախարարության, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել մեր երիտասարդների կարողությունների զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար։
Եվս մեկ անգամ մաղթում եմ հաջողությամբ հանձնել քննությունները և արժանապատվորեն սկսել կյանքի նոր փուլը»,- նշում է վարչապետը։