Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Ուկրաինա կուղարկվի 1 մլն լարիի մարդասիրական օգնություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Ուկրաինա կուղարկվի մեկ միլիոն լարիի մարդասիրական օգնություն։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանն այցելել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն։
Վարչապետի որոշմամբ՝ կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին նրան տեղեկացրել են ուկրաինացի ժողովրդին հատկացվող մարդասիրական օգնության մասին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը ցուցաբերած օգնության և աջակցության համար։
Ուկրաինա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է առաջին օգնության հազարավոր պարագաներ, ավելի քան 30 տեսակի դեղամիջոցներ և թթվածնի կոնցենտրատորներ։
Վրաստանի կառավարության կողմից մարդասիրական օգնության ձեռքբերման գործընթացում մի քանի դեղագործական ընկերություններ և կլինիկաներ ցանկություն են հայտնել անվճար տրամադրել բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մի մասը։
Ուկրաինան վաղը Վրաստանից Վարշավայով ուղարկված մարդասիրական օգնություն կստանա։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։