Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է ազգային մակարդակով հայեցակարգային փաստաթղթերի մշակման և թարմացման, այդ թվում՝ ազգային անվտանգության հայեցակարգի թարմացման հարցը։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության և կիբերանվտանգության ոլորտում բարեփոխումների ընթացքը։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության միջավայրը և համապատասխան, ընթացիկ գործընթացները։
«Ազգային անվտանգության հայեցակարգի վերջնական տարբերակը՝ որպես հիմնադիր փաստաթուղթ՝ խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար, նախատեսված է 2022 թվականի փետրվարին։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է թարմացնել Վրաստանի կառավարության կողմից սպառնալիքների գնահատման փաստաթուղթը, ինչպես նաև հաստատել ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Բացի այդ, նախատեսվում է Վրաստանի խորհրդարան ներկայացնել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ։ Այս ուղղությունները կարևոր են, քանի որ դրանք Խորհրդի աշխատակազմի գործունեության առաջնահերթ ուղղություններն են: Կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պետության և ընդհանրապես ազգային անվտանգության առաջնահերթություններից են»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Սերգո Թուրմանիձեն։
Վարչապետի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին և խորհրդի մշտական անդամներ՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեն և պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին։ Խորհրդի այսօրվա նիստին հրավիրված են եղել նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան և պաշտպանության ուժերի ռազմական հետախուզության վարչության պետ Գիորգի Բլիաձեն։