Իրակլի Ղարիբաշվիլի. Եթե որևէ իշխանություն կոնկրետ արդյունքների է հասել երկրի եվրաինտեգրման ճանապարհին, դա «Վրացական երազանքն է», որը պսակվել է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակով
Իրակլի Ղարիբաշվիլի. Եթե որևէ իշխանություն կոնկրետ արդյունքների է հասել երկրի եվրաինտեգրման ճանապարհին, դա «Վրացական երազանքն է», որը պսակվել է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակով

Ուզում եմ սկսել շնորհավորանքից – մեր թիմը, իշխանությունը մեր ժողովրդի հետ միասին հասել է ամենամեծ հաղթանակին։ Մեր երկիրը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր, սա բազմաթիվ սերունդների երազանքի իրականացումն է,- տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես ասել է Ղարիբաշվիլին կառավարության մեկ տարվա զեկույցի ներկայացման ժամանակ, հեշտ չի եղել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը, թեև իշխող թիմը կարողացել է դա անել։

«Իհարկե, հեշտ չէր, մենք շատ դժվար ժամանակաշրջաններ անցանք, բազմաթիվ փորձություններ, բայց միշտ առաջնորդվել ենք ազգային շահով, դրա համար էլ հասել ենք այս արդյունքներին։ Մենք գործել ենք՝ ելնելով մարդկանց շահերից։ 2012 թվականին հիմք դրվեց մեր երկրի իրական եվրոպականացմանն ու ժողովրդավարացմանը։ Մեր կառավարությունը բռնել է մեր երկրի ինքնիշխանության ամրապնդման ուղին այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» ստանձնեցին մեր երկրի կառավարման ղեկը»,- ​​ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Վրացական երազանքը» կարողացել է ամենամեծ արդյունքի հասնել եվրաինտեգրման ճանապարհին։

«Ես նախկինում էլ ասել եմ, որ եթե ինչ-որ մեկը, որեւէ իշխանություն ինչ-որ կոնկրետ արդյունքի է հասել մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին, դա «Վրացական երազանքն է»։ Սկսած ասոցացման համաձայնագրի ստորագրումից, շարունակելով ազատ առևտուրը, առանց վիզայի ռեժիմը։ Մեր հռչակած արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը նույնիսկ արտացոլվել է սահմանադրության մեջ, և այն պսակվել է անցյալ տարի եվրոպական հեռանկարի ճանաչմամբ, իսկ արդեն այս տարի՝ թեկնածուի կարգավիճակով»,- ասել է Ղարիբաշվիլին։