Իրակլի Ղարիբաշվիլի. Ես միշտ առաջնորդվելու եմ մեր երկրի ազգային շահերով, երբեք չեմ անի որևէ բան, որը պոտենցիալ կվատթարացնի մեր վիճակը
Մենք մեր հնարավորությունների սահմաններում կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում պատերազմ չլինի, լինի խաղաղություն, վերականգնվի նրանց տարածքային ամբողջականությունը և պաշտպանվի նրանց ինքնիշխանությունը, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից։
«Մենք հիմա հետևում ենք իրավիճակին, թե ինչպես կվարվի Արևմուտքը, ինչ պատասխան քայլեր կձեռնարկի, և ինչպես Արևմուտքը կարձագանքի Ռուսաստանին ուղղված այս մարտահրավերին, այս փորձությանը։ Ես ամեն օր ստանում եմ վերլուծություններ, հետախուզական տեղեկատվություն և, բնականաբար, մենք ուշադիր հետևում ենք այս իրավիճակին: Մի բան, որ ուզում եմ շատ հստակ ու միանշանակ ասել, այն է, որ շահարկումներ ու անպատասխան հարցեր չպետք է լինեն։ Ես՝ որպես այս երկրի վարչապետ, կառավարության ղեկավար, ով պատասխանատու է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության համար, միշտ առաջնորդվելու եմ մեր երկրի ազգային շահերով։ Ցանկացած խոսք, գործ, որոշում, որը առնչվելու է Վրաստանին, մեր երկրի հզորացմանը և մեր բնակչության շահերի պաշտպանությանը, իհարկե, մենք այս ոգով ենք գործելու և առաջնորդվելու։ Ցանկացած այլ բան, որը կարող է պոտենցիալ վատթարացնել մեր վիճակը կամ գործել մեր ժողովրդի շահերի դեմ, ես երբեք դա չեմ անի: Սա շատ պարզ է»,- ասել է վարչապետը։