Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը լրացուցիչ խթան կհաղորդի մեր միջև առկա սերտ համագործակցությանը

13:57, 27.10.2022

Մենք բարձր ենք գնահատում Հունգարիայի վարչապետի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,- այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ հայտարարության մեջ և շնորհակալություն հայտնել վարչապետին իր ջերմ հյուրընկալության համար։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա նրա երկրորդ պաշտոնական այցն է Հունգարիա։

«Ես երկար զրուցել եմ վարչապետի հետ։ Երեկ երեկոյան վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպել ենք աշխատանքային ընթրիք, որտեղ քննարկել ենք մեր երկրները միավորող, մեզ հետաքրքրող ու հուզող գրեթե բոլոր հարցերը։ Այսօր մենք նաև բովանդակալից քննարկում ունեցանք յուրաքանչյուր ոլորտի ուղղությամբ, անդրադարձանք տնտեսական խնդիրներին, առևտրային հարաբերություններին, էներգետիկ հարցերում մեր ապագա համագործակցությանը։ Իհարկե, Վրաստանը կա և կլինի այս նախագծերի աջակիցը և կարևոր մասնակիցներից մեկը»,- ​​ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի և Հունգարիայի վարչապետներն այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Նրա հայտարարության համաձայն՝ հռչակագիրը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությանը։

«Կարծում եմ, որ մեր միջև արդեն գոյություն ունեցող սերտ համագործակցությունը և շատ լավ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվեն, լրացուցիչ խթան կհաղորդեն վրաց-հունգարական հարաբերություններին։ Ուզում եմ ասել, թե մենք անձամբ որքան բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը մեր երկրի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը։ Դուք միշտ եղել և կաք Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների ուժեղ, բարձրաձայն ջատագովը, և ձեր ուղերձները միշտ կարևոր են մեզ համար։ Մենք դա շատ ենք գնահատում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր մեկնաբանությունները Եվրոպական խորհրդի կողմից ընդունված որոշման վերաբերյալ: Նաև ուզում եմ նշել, որ մեզ համար կարևոր էր մեր երկրին եվրոպական հեռանկար տալը։ Վրաստանը և վրաց ժողովուրդը միշտ հավատարմորեն հետևել են քաղաքակրթական այս ընտրությանը։ Մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ, արժանի անդամ և նաև ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա ոչ միայն արտահայտում ենք հռչակագրի մակարդակով, խոսքերով, և այսպես ասած՝ արտահայտում ենք այդ ցանկությունը, այլ մեր գործերով ապացուցել ենք, որ ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ այս մեծ ընտանիքում։ Օրինակ, դուք շատ լավ գիտեք, պարոն վարչապետ, որ Իրաքում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններում մենք մեծ զոհողություններ արեցինք։ Մենք ներկայացված ենք Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում Եվրամիության առաքելություններում, և մենք, անշուշտ, կշարունակենք դա անել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նմանատիպ