Իրակլի Ղարիբաշվիլի. Նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 70%-ով, գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, ինչը ողջունելի արդյունք է, Հայաստանը դարձել է Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերը
Իրակլի Ղարիբաշվիլի. Նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 70%-ով, գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, ինչը ողջունելի արդյունք է, Հայաստանը դարձել է Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերը

Մենք ունենք դարավոր բարիդրացիություն և եղբայրություն, այսօրվա նիստը ևս մեկ քայլ առաջ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման և առաջընթացի առումով, և այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում,- ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում իր ելույթի ժամանակ։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, կառավարությունների միջև առկա է բավականին դրական դինամիկա։ Նրա խոսքով, նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 70%-ով եւ գերազանցել մեկ միլիարդ դոլլարը, հետեւաբար, Հայաստանը դարձել է Վրաստանի վեցերորդ առեւտրային գործընկերը։

«Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջունում եմ ձեր կառավարությանը, հանձնաժողովի անդամներին։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Երևանում և իմ գործընկերոջ և ընկերոջ հետ նախագահել տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը։ Նախ ասեմ, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը կարևոր հարթակ է մեր երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կապերի ամրապնդման համար։ Ինչպես գիտեք, մենք ունենք դարավոր բարիդրացիություն և եղբայրություն, և վստահ եմ, որ մեր այսօրվա նիստը ևսմեկ քայլ առաջ կլինի մեր երկրների տնտեսական առաջընթացի, նորարարությունների ներդրման և առաջընթացի առումով, և այս ամենին հնարավոր է հասնել միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության պայմաններում:

Մենք ունենք բավականին դրական դինամիկա կառավարությունների միջև։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 70%-ով և գերազանցել մեկ միլիարդ դոլարը, ինչն իսկապես ողջունելի արդյունք է։ Հայաստանը Վրաստանի համար դարձավ վեցերորդ առևտրային գործընկերը, Հայաստանը տասնյակում զբաղեցրեց վեցերորդ առևտրային դիրքը, ինչը մեզ շատ է ուրախացնում։

Բացի այդ, ասեմ, որ բոլոր ուղղություններով ունենք դրական դինամիկա և աճ՝ լինի դա զբոսաշրջություն, փոխադրումներ, բեռնաշրջանառություն, նշված տվյալները բոլոր ուղղություններով աճել են»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի իշխանությունն ու ժողովուրդը շահագրգռված են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ։ Կառավարության ղեկավարը խոսել է խաղաղ հարեւանության հարթակի նախաձեռնության մասին:

«Ուզում եմ նաև նշել, պարոն վարչապետ և հանձնաժողովի հարգելի անդամներ, որ մեր իշխանությունը և մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ։ Այդ նպատակով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք ունենք խաղաղ հարևանության հարթակ ստեղծելու նախաձեռնություն, և, իհարկե, ուզում եմ նաև նշել, որ այս ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերին և նախաձեռնություններին։ Ընդհակառակը, կարծում եմ, դա կօգնի, էլ ավելի կամրապնդի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները, քանի որ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ առանց խաղաղության և կայունության անհնար է հասնել ամուր, երկարաժամկետ տնտեսական աճի ու մեր ժողովուրդների բարգավաճմանը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների հանձնաժողովի անդամներին, շատ արդյունավետ աշխատանք է կատարվել երկու երկրների կառավարությունների կողմից։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ սրտանց ողջունել բոլորիդ, շնորհավորել Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություն, և բարօրություն՝ մեր բարեկամ հայ ժողովրդին»,- ասել է Վրաստանի վարչապետը։