Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ուժերի ներածին չափով մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին քաղաքական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր ուժերի ներածին չափով մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին քաղաքական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

Մեր իշխանությունը, մեր հնարավորությունների սահմաններում, անում է ամեն ինչ՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին քաղաքական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ ինքնիշխան պետության վրա հարձակումը, ռազմական գործողություններն անընդունելի են։

«Եվս մեկ անգամ ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին։ Ես երեկ իմ հայտարարության մեջ ասել եմ, որ հարձակումն ինքնիշխան պետության վրա, ռազմական գործողությունը, իհարկե, բացարձակապես անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Մենք՝ Վրաստանը և մեր իշխանությունը, անում ենք առավելագույնը՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին, մեր բարեկամ պետությանն ու բարեկամ ժողովրդին քաղաքական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Իհարկե, այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, մեծ ողբերգություն է։ Այս պատերազմը, որը, ցավոք, անհնար եղավ զսպել, հնարավոր չէր խուսափել, ամենաշատը կանդրադառնա հենց Ուկրաինային՝ որպես պետության, նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ուկրաինացի ժողովրդի՝ ուկրաինացի զինվորների վրա։ Հետևաբար, պատերազմն, իհարկե, արդարացում չունի։ Այս ամենը մենք ապրեցինք 2008 թվականին, երբ, ցավոք, չհաջողվեց խուսափել 2008 թվականի օգոստոսյան ողբերգական իրադարձություններից, որոնք, իհարկե, բոլորդ հիշում եք, շատ լուրջ հետևանքներ բերեց մեր երկրին։ Ով տուժեց դրանից, իհարկե, մեր երկիրն ու մեր ժողովուրդը, մեր հերոս զինվորները զոհվեցին, մենք տարածքներ կորցրինք, Ռուսաստանը կարողացավ օկուպացնել և ճանաչել մեր հայրենի տարածքները։ Ուստի ուզում եմ եզրակացնել, որ պատերազմն անընդունելի է բոլորի համար, ոչ մի կողմ չունի հաղթող, քանի որ վնասը կրելու է երկու կողմը։ Ես կցանկանայի վերահաստատել մեր համերաշխությունը և միջազգային հանրությանը կոչ անել անել հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու այս ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Ինչ վերաբերում է մեր ձեռնարկած քայլերին: Ասեմ ձեզ, որ արտաքին գործերի նախարարն իմ հանձնարարությամբ մասնակցել է ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, որը կազմակերպվել էր Եվրամիության հովանու ներքո։ Այնտեղ նույնպես լիակատար համերաշխություն և քաղաքական աջակցություն հայտնեցինք։ Նաև իմ հանձնարարությամբ Վրաստանում Ուկրաինայի դեսպանին փոխանցեցինք ուղերձ, որ պատրաստ ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել Վրաստանում գտնվող քաղաքացիներին։ Իհարկե, մեր հնարավորությունների սահմաններում այս գործընթացը շարունակվելու է, շեշտում եմ։ Նաև Եվրախորհրդում մենք լիակատար քաղաքական համերաշխություն ենք հայտնել Ուկրաինային»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։