Իրակլի Ղարիբաշվիլի. Դժվար ժամանակաշրջանից հետո մեր տնտեսությունը սկսեց աճել, մարտին տնտեսությունն աճեց 4%-ով, ապրիլին` ռեկորդային 44.8%-ով
Իրակլի Ղարիբաշվիլի. Դժվար ժամանակաշրջանից հետո մեր տնտեսությունը սկսեց աճել, մարտին տնտեսությունն աճեց 4%-ով, ապրիլին` ռեկորդային 44.8%-ով

Դժվար ժամանակաշրջանից հետո մեր տնտեսությունը սկսեց աճել: Մարտին տնտեսությունն աճեց 4%-ով, ապրիլին` ռեկորդային 44.8%-ով, – ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում զեկույցը և երկրի զարգացման տասնամյա ծրագիր ներկայացնելիս:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մայիսին կառավարությունն ակնկալում է ավելի քան 20% աճ:

«Դժվար ժամանակաշրջանից հետո մեր տնտեսությունը սկսել է աճել: Անցած տարին շատ դժվար էր ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար: Մարտին տնտեսությունն աճեց 4%-ով, իսկ ապրիլին ունեցանք ռեկորդային՝ 44,8% աճ: Մայիսին մենք ակնկալում ենք ավելի քան 20% աճ: Մայիսի աճի վիճակագրությունը կհրապարակվի շատ շուտով», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը խոսեց քաղաքական գործընթացների մասին և նշեց, որ հարյուր օրվա ընթացքում քաղաքական կյանքը վերադարձել է քիչ թե շատ նորմալ հուն:

«Վերջին հարյուր օրվա ընթացքում քաղաքական կյանքը վերադարձավ քիչ թե շատ նորմալ հունի:

Այսօր խորհրդարանը լիարժեք գործում է՝ համաձայն ժողովրդի տված մանդատների: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելին և բոլորին, ովքեր ներգրավված էին միջնորդության գործընթացում:

Հիմա մենք խնդիր ունենք վերջնականապես հաղթահարել համաճարակը, արագ վերականգնել էկոնոմիկան և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին», – ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ չնայած առաջընթացին, երկրում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է պատշաճ կերպով լուծվեն:

«Սակայն, մենք պետք է էլ ավելի հեռուն նայենք: Խորհրդարանում մեր նախորդ հանդիպմանը ես ձեզ ասացի, որ իմ խնդիրն եմ համարում չբավարարվել այն հաջողություններով, որոնք մենք ձեռք ենք բերել իշխանության գալուց ի վեր: Մենք պետք է լուծենք խնդիրները և մարտահրավերները, ոչ միայն երկրի օկուպացիան, այլև գործազրկության և աղքատության բարձր մակարդակը:

Այսօր Վրաստանում ավելի քան 300,000 մարդ գործազուրկ է, ինչը աշխատունակ բնակչության գրեթե 22%-ն է: Մայիսի դրությամբ 153 394 ընտանիք ստանում է կենսապահովման նպաստ, ինչը կազմում է մոտ 550 000 մեր համաքաղաքացի, ներառյալ 180 000 երեխա:

Միայն այս թվերն են մեզ վստահեցնում, որ մենք պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկենք զարգացման ուղղությամբ», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: