Իրակլի Ղարիբաշվիլի.Դժվար է բառեր գտնել՝ արտահայտելու այն սրտի ցավը, որն ապրում եմ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով, կլինի խստագույն արձագանք
Իրակլի Ղարիբաշվիլի.Դժվար է բառեր գտնել՝ արտահայտելու այն սրտի ցավը, որն ապրում եմ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով, կլինի խստագույն արձագանք

Դժվար է բառեր գտնել՝ փոխանցելու այն սրտի ցավը, որն ապրում եմ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այս ամենադժվար պահերին ես ամբողջ սրտով կիսում եմ մահացած դեռահասի ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց։

Հետաքննությունն արդեն սկսվել է, կպարզվեն ողբերգության պատճառները և կտրվի ամենախիստ արձագանքը»,- նշում է Ղարիբաշվիլին։

Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։