Իրակլի Ղարիբաշվիլի. Բարեկամության կամուրջը, որը մենք կառուցեցինք միասին, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը
Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը եզակի նախագիծ է տարածաշրջանում։
«Ողջունում եմ մեր երկրի բարեկամ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ նրան հյուրընկալելու Վրաստանում։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր երկրների բարեկամությունը չափվում է դարերով։ Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրության և բարեկամության օրինակ են, այլև կարևոր նախապայման են ողջ տարածաշրջանի բարգավաճման, կայունության, անվտանգության և զարգացման համար։ Բարեկամության կամուրջը, որը մենք կառուցել ենք միասին, ներկայացնում է մեր համագործակցությունն ու բարեկամությունը։
Ժամանակակից չափանիշներով և պարամետրերով 160 մետր երկարությամբ չորս գոտուց բաղկացած կամուրջը, որը համատեղ կառուցվել է երկու պետությունների տարածքում, եզակի նախագիծ է տարածաշրջանում։ Դրա շահագործման արդյունքում սահմանին տրանսպորտային թողունակությունը կրկնապատկվում է, ճանապարհային անվտանգության որակը բարելավվում է ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ փոխադրամիջոցների համար։ Սա իր հերթին կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Ուզում եմ նշել, որ կամուրջը ոչ միայն օգտակար կլինի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար, այլև ռազմավարական նշանակություն է ստանում՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու կարևոր մաս։
Այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը տեղի է ունենում բարձր տեմպերով։ Մենք արդեն կառուցել ենք Արևելք-Արևմուտք մայրուղու կեսը, և ընդամենը երկու տարում կավարտվի նրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը։
Նման մեծածավալ նախագծերի համատեքստում էլ ավելի արդիական է դառնում անցակետերի ժամանակակից չափանիշների կամրջի գործարկումը, և ուզում եմ նշել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը շատ կարևոր էր երկու բարեկամ երկրների համագործակցության հաջողության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բանկի ներկայացուցչին։ Այս ծրագրի համար հատկացվել է ավելի քան 7 միլիոն եվրո։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկի ղեկավարությանը, ինչպես նաև շինարարական և վերահսկող ընկերություններին, երկու կողմերի պետական մարմիններին և մասնագետների թիմին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել ծրագրի իրականացման գործում:
Կարելի է ասել, որ մենք բարեկամության նոր կամուրջ ենք կառուցել մեր երկրների միջև, և այսօր պաշտոնապես նշում ենք այն։ Այս կամուրջն ուժեղացնում է մեզ, մեր երկրներին, ամբողջ տարածաշրջանը։ Մաղթում եմ խաղաղություն մեր երկրներին, բարգավաճում և առաջընթաց՝ մեր ժողովրդին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։