Իրակլի Ղարիբաշվիլի. Այլևս չեմ պատրաստվում մասնակցել քաղաքական դիմակահանդեսին և ոչ էլ դատական պրոցեսին, տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, իմ պայքարի զենքն իմ ճշմարտությունն է

19:05, 25.08.2026
Այլևս չեմ պատրաստվում մասնակցել այս ամոթալի և մեր երկրի համար վիրավորական քաղաքական դիմակահանդեսին: Ըստ այդմ, չեմ մասնակցի նաև դատական պրոցեսին, – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես գրում է Ղարիբաշվիլին, իր շահերը ներկայացնելու և պաշտպանելու են միայն փաստաբանները:
«Երեկ իշխանությունն ինքը հաստատեց անցյալ շաբաթ իմ հրապարակած նամակի հավաստիությունը: Ցանկանում եմ հանրությանը մեկ անգամ ասել, որ ես ամեն ինչ փորձեցի և առավելագույնն արեցի այս գործընթացից խուսափելու համար, սակայն հայտնվեցի դաժան իրականության առջև:
Սա դաժան քաղաքական պայքար է, անարդարություն և չարիք իմ դեմ: Ես այլևս չեմ պատրաստվում մասնակցել այս ամոթալի և մեր երկրի համար վիրավորական քաղաքական դիմակահանդեսին: Ըստ այդմ, չեմ մասնակցի նաև դատական պրոցեսին: Իմ շահերը ներկայացնելու և պաշտպանելու են միայն իմ փաստաբանները:
Այստեղ հայտարարում եմ նաև, որ իմ այս որոշմամբ ոչ ոքի չեմ վիրավորում՝ ոչ դատախազներին և ոչ էլ դատավորներին: Պարզապես միայն այն պատճառով, որ սա քաղաքական գործընթաց է, և ես գիտեմ, թե համակարգն ինչպես է ղեկավարում քաղաքական գործընթացը, իմաստ չեմ տեսնում գնալ դատական նիստերին և մասնակցել քաղաքական դիմակահանդեսին: Ես այլևս չեմ մասնակցում ձեր ներկայացմանը: Այլևս չի հետաքրքրում նաև, թե որ կալանավորին/պատանդին ձեր կողմից իրականացված հոգեբանական և բարոյական ճնշման մեթոդներով ինչ գրել կտաք իմ մասին և ինչ մեղադրանք կառաջադրեք ինձ:
Տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, ուստի իմմիակ ճանապարհն ու պայքարի զենքն իմ ճշմարտությունն է: Պատրաստվում եմ հրապարակայնորեն խոսել հանրության հետ և ասել իմ ճշմարտությունը: Թող ժողովուրդը դատի», – գրում է Իրակլի Ղարիբաշվիլին:
Օգոստոսի 24-ին դատախազությունը Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով նոր մեղադրանք է առաջադրել: Իրակլի Ղարիբաշվիլիի նախադատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին:

Նմանատիպ