Իրակլի Ղարիբաշվիլի. Աշխատում ենք «Pfizer»-ի 2 միլիոն դեղաչափի ներմուծման շուրջ, հնարավորություն ունենք և անհրաժեշտության դեպքում կներկրենք ավելի շատ չինական պատվաստանյութեր
Մենք ներկրել ենք միլիոնավոր պատվաստանյութեր, կրկին ավելացնում ենք: Իմ հանձնարարությամբ մենք աշխատում ենք «Pfizer»-ի 2 միլիոն դեղաչափի ներմուծման շուրջ: Մենք հնարավորություն ունենք և անհրաժեշտության դեպքում կներկրենք ավելի շատ չինական պատվաստանյութեր, այս ամենը թույլ կտա միասին հաղթահարել փորձությունը, – ասել է Վրաստանի վարչապետը Մեստիայում՝ «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Կապիտոն Ժորժոլիանիի առաջադրման ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով, մոտ մեկ միլիոն մարդ պատվաստվելու է առաջիկա 10 օրերի ընթացքում:
«Նրանցից ոմանք պատվաստվելու են մեկ անգամ, իսկ ոմանք` երկու անգամ: Այս տեմպը պահպանելով, մենք կարող ենք մինչեւ սեպտեմբերի վերջ պատվաստել երկու միլիոն մարդու: Լսելով մեր բժիշկներին և մասնագետներին՝ ես հասկանում եմ, որ գուցե մեկ միլիոն մարդ արդեն ունեցել է Covid: Ընդհանուր առմամբ, մեր երեք միլիոն հայրենակիցներից երկու միլիոնը պատվաստված կլինի, իսկ մեկ միլիոնը՝ Covid-ից ապաքինված: Մեր համաճարակաբանները ասում են, որ սեպտեմբերը լինելու է մեր և առողջապահական համակարգի ամենամեծ մարտահրավերը, սեպտեմբերը լինելու է դժվարին շրջան: Սրան գումարվում է նախընտրական քարոզարշավը: Եթե մենք թույլ չտանք այս վնասատուներին քարոզչություն իրականացնել, նրանք կսկսեն աղմկել, շահարկել, նրանք արդեն գիտեն, որ պարտվում են, նրանք շատ են պարտվում, ուստի մեզ հարկավոր կլինի գտնել ոսկե միջինը:
Մենք բոլորս միասին պետք է ավարտենք սեպտեմբերը, պատվաստենք արդյունավետ, անվտանգ ընտրություններ անցկացնենք, և մեր կանխատեսումներով՝ հոկտեմբերը կայունության շրջան է լինելու: Ամենակարևորը՝ դա թույլ կտա մեզ չփակել մեր տնտեսությունը և չփակել հազարավոր քաղաքացիների տանը՝ առանց եկամտի և ապրուստի միջոցների: Ես ուզում եմ այս ամենը հասցնել մեր բնակչությանը, ցույց տալ մեր տեսլականը: Միասին, մինչև սեպտեմբերի վերջ, մենք պետք է հզորանանք, պատվաստվենք, արագացնենք տեմպերը, չպետք է փակենք տնտեսությունը, կարող ենք տեղական սահմանափակումներ մտցնել, բայց դա չպետք է ազդի տնտեսական աճի տեմպի վրա», – ասաց վարչապետը: