Իրակլի Չիկովանին հանդիպել է Ռոբին Դաննիգանին
Իրակլի Չիկովանին հանդիպել է Ռոբին Դաննիգանին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ճանաչողական հանդիպում է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դանիգանի հետ։ Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է Ռոբին Դաննիգանին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Վրաստանին ցուցաբերվող ամուր քաղաքական և գործնական աջակցության համար։ Ըստ նրանց հաղորդագրության, հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր, իրականացվելիք ծրագրերը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում։

«Ուշադրություն է դարձվել պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված քայլերին և միջազգային վարժանքների կարևորությանը։ Նշվել է Վրաստանի նշանակալի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր։ Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ պաշտպանության ոլորտում երկրների միջև արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- ասված է ՊՆ տեղեկատվության մեջ։

Հանդիպումից հետո Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել է, որ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։

«Հրաշալի հանդիպում ունեցա պաշտպանության նոր նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Ուրախ եմ առաջինը հանդիպելու և շնորհավորելու Ձեզ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, քանի որ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները հանդիսանում են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հենարանը։ Նախարարի հետ մենք քննարկել ենք մեր համագործակցության ապագա ծրագրերը, թե ինչպես ենք միասին աշխատելու Վրաստանի պաշտպանունակության և զսպման կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Մենք ամուր ջատագովներ ենք ոչ միայն Վրաստանի պաշտպանական և անվտանգության կառույցներին, այլև ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին։ Ինձ համար իսկապես պատիվ էր հանդիպել նախարարի հետ և քննարկել նշված հարցերը»,- ասաց Ռոբին Դաննիգանը։