Իրակլի Չիքովանին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարին
Իրակլի Չիքովանին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստան։ Գործընկերոջը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո պաշտպանության նախարարները դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։

«Նախարարները խոսել են հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարեւորության մասին։ Նշվել է, որ այս տարվա հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կնպաստի տարբեր ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը։

Ընդլայնված հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված ուղղությունները։ Այս փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի՝ այս տարի Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Պաատա Պատիաշվիլին, պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալներ՝ գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին և բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի դեսպանները։

Հանդիպումից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը Հերոսների հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում զոհված մարտիկների հիշատակին։

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»,- ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ։