Իոսեբ Խախալեիշվիլին հայտարարում է, որ Քութաիսիի 14-րդ ընտրատեղամասում «Վրացական երազանքի» համակարգողների կողմից ընտրողներին գումար բաժանելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Քութաիսի քաղաքապետի թեկնածու Իոսեբ Խախալեիշվիլին արձագանքել է «Միացյալ ազգային շարժման» Քութաիսիի քաղաքապետի թեկնածու Խատիա Դեկանոիձեի՝ ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ արված հայտարարությանը։
Խոսելով խախտումների մասին՝ Խատիա Դեկանոիձեն նշել է, որ Քութաիսիի 14-րդ ընտրատեղամասում բացահայտվել է «Վրացական երազանքի» համակարգողների կողմից ընտրողներին գումար բաժանելու դեպք։
Ինչպես ասում է Խախալեիշվիլին, այս ամենը ժպիտ է առաջացնում և չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով, քաղաքում ընտրական գործընթացն իրականացվում է բնականոն հունով։
«Իհարկե, դա ժպիտ է առաջացնում։ Դա երեւակայության պտուղն է, ինչ ասում են։ Քաղաքում ընտրական գործընթացն իրականացվում է բնականոն հունով։ Ուզում եմ կոչ անել ու զգուշացնել, որ իրենց քայքայիչ ուժերով չփորձեն դիսոնանս ու անկարգություն առաջացնել ընտրատեղամասերում։ Համապատասխան մարմիններ կօգտվեն օրենքով վերապահված բոլոր իրավունքներից՝ ցանկացած բռնություն կանխելու համար»,- ասել է Խախալեիշվիլին։
Խախալեիշվիլին բոլորին կոչ է արել չխաթարել ընտրական գործընթացը։ Նա նաեւ հավելել է, որ այսօր «Վրացական երազանքը» կարևոր հաղթանակ է տանելու երկրորդ փուլում։
«Ուզում եմ բոլորին կոչ անել, որ ընտրություններն անցկացնենք քաղաքում այնպես, ինչպես հարիր է այս քաղաքին։ Վստահ եմ, որ մենք այսօր կարևոր հաղթանակ ենք տանելու»,- ասել է Իոսեբ Խախալեիշվիլին։