Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով 11 ալպինիստ է մահացել։ Reuters-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սումատրա կղզում։
Փրկարար ծառայությունների տվյալներով՝ «Մարափի» հրաբխի ժայթքման արդյունքում հայտնաբերվել է 11 ալպինիստի դի և երեք ողջ մնացած, ևս 12 անհետ կորածների որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են անվտանգության նկատառումներով։
Կիրակի օրը ժայթքել է Մարափի հրաբուխը։ Հրաբուխը մոխիր է արտանետել երեք կիլոմետր օդ: Իշխանությունները հայտարարել են տագնապի երկրորդ ամենաբարձր մակարդակը և արգելել մուտքը տարածք խառնարանից երեք կիլոմետր շառավղով։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրը, վտանգավոր գոտուց տարհանվել է 49 ալպինիստ, նրանցից ոմանք ստացել են տարբեր ծանրության այրվածքներ։
«Մարափը» Սումատրա կղզու ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Նրա ժայթքումը 1979 թվականի ապրիլին խլեց 60 մարդու կյանք: