Ինչպես պաշտպանվել տզերից. Առողջապահության նախարարությունը տարածում է մասնագետների հանձնարարականները

11:24, 03.07.2026

Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը տարածում է մասնագետների հանձնարարականները, թե ինչպես բնակչությունը պաշտպանվի տզերից:

«Տաք ամիսների գալստյան հետ մեկտեղ Վրաստանում տզերի ակտիվությունը և նրանց միջոցով փոխանցվող վարակների ռիսկը կտրուկ աճում է։ Վարակներից խուսափելու համար մասնագետները քաղաքացիներին կոչ են անում հետևել հանձնարարականներին։ Տզերից և այլ միջատներից պաշտպանվելու համար ցանկալի է օգտագործել հատուկ պաշտպանիչ միջոցներ և համապատասխան ձևով մշակել հագուստը։ Մինչև երկու ամսական մանուկների դեպքում միջատների դեմ միջոցների օգտագործումը խորհուրդ չի տրվում։

Մասնագետները բնակչությանը նաև խորհուրդ են տալիս խուսափել անտառային և բարձր խոտով ծածկված տարածքներով տեղաշարժվելուց։ Բնության գրկում լինելուց հետո անհրաժեշտ է զննել հագուստն ու անձնական իրերը, իսկ տուն վերադառնալուն պես՝ ցնցուղ ընդունել։ Մասնագետների պարզաբանմամբ՝ դա նպաստում է մարմնի վրա տզի ժամանակին հայտնաբերմանը։

Մարմնի վրա տիզ հայտնաբերելու դեպքում դրա հեռացումը պետք է կատարվի հնարավորինս շուտ՝ բարակ ծայրեր ունեցող ունելիի օգնությամբ։ Կարևոր է բռնել այն տեղից, որտեղ տզի բերանը կպչում է մարդու մաշկին։

Տիզը հեռացնելուց հետո անհրաժեշտ է հիմնավորապես մշակել կծած տեղն ու ձեռքերը։

Առողջական վիճակի որևէ փոփոխության, այդ թվում՝ բարձր ջերմության, գլխացավի, կծած տեղում քորի կամ այլ ախտաբանական նշանների ի հայտ գալու դեպքում քաղաքացիները պետք է անհապաղ դիմեն բժիշկ-ինֆեկցիոնիստին»,- նշված է առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ