Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, այսօր Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել
Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, այսօր Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

Այսօր առնվազն 25 մարդ է զոհվել Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այս մասին տեղեկությունը տարածում են լիբանանյան լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորում են «Հեզբոլլահի» հրթիռների արձակման վայրերը և զենքի պահեստները:

Օդային հարվածներին զուգահեռ մեծանում է Իսրայելի ցամաքային գործողության հավանականությունը Լիբանանում։

Իսրայելական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի անվտանգության ոլորտի ներկայացուցիչների վրա, գրում են, որ «Հեզբոլլահի» դեմ ցանկացած ցամաքային գործողություն կլինի հնարավորինս կարճաժամկետ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Սաֆեդ քաղաք կատարած այցի ժամանակ ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը ուժեղ հարվածներ են հասցնում Հեզբոլլահին և կշարունակեն դա անել այնքան ժամանակ, մինչև անվտանգությունը վերականգնվի հյուսիսում։

Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան այսօր հայտարարեց միջազգային կոալիցիայի ստեղծման մասին, որը կաշխատի Մերձավոր Արևելքում հակամարտությունը երկու պետություններով լուծելու համար։ Կոալիցիայի անդամներն են արաբական և մահմեդական երկրները, որոնք կհամագործակցեն եվրոպական երկրների հետ։