Իլոն Մասկ. Պահանջում եմ, Ֆրանսիայի դավաճանության պատճառով, Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեին հեռացնել քաղաքականությունից
«Պահանջում եմ, Ֆրանսիայի դավաճանության պատճառով, Մարին Տոնդելիեին հեռացնել քաղաքականությունից», — այս մասին X պլատֆորմի սեփականատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեի հասցեին։
Մասկի հայտարարությանը նախորդել էր Տոնդելիեի կոչը, որ օտարերկրյա միջամտության դեպքում Ֆրանսիայի իշխանությունները նախընտրական արշավի ընթացքում պետք է իրավունք ունենան ժամանակավորապես կասեցնել X-ի գործունեությունը։ Նա նաև հայտարարել էր, որ Ֆրանսիայում X-ի աշխատանքի մեկ ամսով կասեցումը զգալիորեն կբարելավեր քաղաքական բանավեճերը։
Տոնդելիեն սոցիալական ցանցում պատասխանել է Մասկին՝ նշելով, որ «Ֆրանսիան հայրենասիրության դասերի կարիք չունի օտարերկրացի միլիարդատերից»։
«Հարգելի՛ Իլոն Մասկ, ես Ֆրանսիայի նախագահի այն թեկնածուն եմ, ում, Ձեր խոսքով, «Ֆրանսիայի դավաճանության պատճառով պետք է հեռացնեն քաղաքականությունից (ընդհանրապես ի՞նչ է դա նշանակում)»։ Ֆրանսիան հայրենասիրության դասերի կարիք չունի օտարերկրացի միլիարդատերից, ով կարծում է, թե ինքը պետք է որոշի, թե եվրոպացի որ քաղաքական առաջնորդներին պետք է արգելվի ձայն հանել։ Ժողովրդավարությունը վաճառքի ենթակա չէ, նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդու համար։ Նախընտրում եմ, որ ինձ մեղադրեն ժողովրդավարությունը պաշտպանելու, քան այն գնելու փորձի համար», — հայտարարել է Մարին Տոնդելիեն։
Մասկի հայտարարությունը քննադատել է նաև «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։ Նա Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է օտարերկրյա միջամտության դեմ ոչ բավարար գործողություններ ձեռնարկելու մեջ։
Մելանշոնի գնահատականը ավելի ուշ հերքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ նշելով, որ պետք է սահմանազատել ընտրություններին օտարերկրյա միջամտությունը և այն դեպքը, երբ օտարերկրացի քաղաքական գործիչն այլ երկրում աջակցություն կամ քննադատություն է հայտնում որևէ քաղաքական ուժի նկատմամբ։ Նրա խոսքով՝ դա ինքնին «հանրային քննարկման մեջ մանիպուլյացիայի ակտ չի ներկայացնում»։