Իլիա Էլոշվիլի. Անվճար ճաշարանների փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և սննդի կանոնները չեն փոխվում
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին արձագանքել է անվճար ճաշարանների փակման մասին տեղեկատվությանն ու ասել, որ Թբիլիսիի քաղաքապետարանը չի նախատեսում նման որոշում կայացնել։
Նրա խոսքով, սոցիալապես անապահով խավի սննդի կանոնները նույնպես չեն փոխվում:
«Տեղեկությունը, որ անվճար ճաշարանները դադարում են գործել, չի համապատասխանում իրականությանը։ Սուտ է նաև, թե մենք պատրաստվում ենք սննդի նոր կանոններ մտցնել։ Բոլոր ճաշարանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Նաև այս ճաշարանների շուրջ հայտարարված մրցույթներից և ոչ մեկը չի դադարեցվել»,- ասել է Իլիա Էլոշվիլին։
Իլիա Էլոշվիլիի խոսքով, քաղաքապետարանի կատարած հետազոտությունը ծառայում է միայն շուկայում գների որոշմանը։
«Ինչ վերաբերում է մեր ընդդիմախոսների ձեռքի տակ եղած հետազոտություններին, ապա դա շուկայական հետազոտություն է և ծառայում է շուկայում գների պարբերաբար փորձարկմանը, ինչպես նաև տարբեր նախագծերի վերաբերյալ որոշակի ուսումնասիրություններին։ Ինչպես գիտեք, համաճարակի պատճառով մենք սկսել ենք պատրաստի սննդամթերքի բաշխումը մանկապարտեզներում։ Ուստի մենք մտածեցինք՝ հնարավո՞ր է նմանատիպ մոտեցում, և արդյոք դա ավելի լավ տարբերակ կլինի առկա պրակտիկայի համեմատ։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, դա բավականին թանկ հաճույք է։ Դա ներքին ուսումնասիրություն էր, որը արդյունք չտվեց։ Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն ուղղությունը, որի վրա մենք աշխատում էինք այլընտրանքային անվճար ճաշարանների առումով, անշահավետ է: Ուստի մենք դադարել ենք աշխատել դրա վրա»,- ասել է Էլոշվիլին։
Էլոշվիլիի խոսքով, անվճար ճաշարանների շահառուների ճաշացանկը բարելավելու նպատակով քաղաքապետարանն այս տարի բյուջեն 20 միլիոնից հասցրել է 25 միլիոնի։
«Մենք անընդհատ աշխատում ենք ճաշատեսակների ճաշացանկի ավելացման ուղղությամբ։ Ուստի այս տարի քաղաքապետարանը 20 միլիոնի փոխարեն 25 միլիոն է հատկացրել»,- ասաց Իլիա Էլոշվիլին։