Իլիա Դարչիաշվիլին ԵՄ դեսպանին է հանձնել ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստված առաջին զեկույցը
Իլիա Դարչիաշվիլին ԵՄ դեսպանին է հանձնել ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստված առաջին զեկույցը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն է փոխանցել Եվրահանձնաժողովի համար նախատեսված զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է ընդլայնման փաթեթի շրջանակներում` Կոպենհագենի չափանիշներին համապատասխան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ զեկույցը հաստատվել է 2023 թվականի ապրիլի 18-ին՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 66-րդ նիստի շրջանակներում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Փաստաթուղթը ներառում է 35 գլուխ և նկարագրում է վերջին մեկ տարում Վրաստանի կողմից իրականացված օրենսդրական, ինստիտուցիոնալ և այլ գործունեությունը և այդ ուղղությամբ պետության ձեռք բերած առաջընթացը՝ Եվրամիության հետ մերձեցման առումով:

Ինչպես նշել են ԱԳՆ-ում, զեկույցի պատրաստումը սկսվել է փետրվարի վերջին՝ Եվրահանձնաժողովի խնդրանքով, և գործընթացը համակարգվել է արտաքին գործերի նախարարության կողմից։ Գործընթացին ներգրավված են եղել պետական ​​բոլոր գերատեսչությունները, ինչպես նաև օրենսդիր և դատական ​​մարմինները։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ, նշված զեկույցի հիման վրա Եվրահանձնաժողովը Վրաստանին կգնահատի Կոպենհագենի թեմատիկ չափանիշներով, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ոլորտային մասեր։