Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի պատվիրակության հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի պատվիրակության հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում գտնվող Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Տիտուս Կորլացեանին և կոմիտեի անդամներին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում կողմերն ընդգծել են Վրաստանի և Ռումինիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը և այդ համատեքստում հետագա համագործակցության հեռանկարները։

«Ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև և՛ քաղաքական և տնտեսական համագործակցությանը, և՛ Սև ծովի ներուժի լիարժեք յուրացման կարևորությանը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և կապի ոլորտում, ինչը նաև Վրաստանի և Եվրամիության ընդհանուր առաջնահերթությունն է։

Հանդիպմանը քննարկվել են Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերը և ձեռք բերված արդյունքները։

Արտաքին գործերի նախարարն իր համոզմունքն է հայտնել, որ Վրաստանի գործադրած ջանքերը կգնահատվեն արդարացի և ըստ արժանվույն, և տարեվերջին Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նրանց տվյալներով՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի անվտանգության միջավայրին, Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։