Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ղազախ գործընկերոջ հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ղազախ գործընկերոջ հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդի հետ։ Հանդիպումը կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, քննարկվել են Վրաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ հարցերը։ Նրանք ընդգծել են երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցության դրական դինամիկան, որը ներառում է ակտիվ համագործակցություն առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում։

Գոհունակությամբ նշվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում՝ միջազգային կառույցներում թեկնածուներին աջակցելու ուղղությամբ։

Նախարարները խոսել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման մասին։ Այս համատեքստում ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի արդյունավետությունը։ Կողմերը պայմանավորվել են, որ քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի 2022 թվականի վերջին՝ Վրաստանում։

Հանդիպմանը Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կառավարությանը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։

Նախարարները կարևորել են նաև Վրաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։