Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ հետ

Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Շարմ-էլ-Շեյխում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված սերտ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը, որին աջակցում է ֆրանս-վրացական քաղաքական երկխոսության ձևաչափը։ Գերատեսչության  փոխանցմամբ՝ ընդգծվել է նշված ձեւաչափի մեծ ներուժը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով։

«Հանդիպմանը գոհունակությամբ է նշվել Վրաստանի մասնակցությունը Եվրոպական քաղաքական միության հանդիպմանը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Կողմերը խոսել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության առումով ստեղծված մարտահրավերների մասին։ Իլիա Դարչիաշվիլին Կատրին Կոլոնային տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ԱԳ նախարարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ֆրանսիայի ցուցաբերած ամուր աջակցության համար։ Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովին, որն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Շարմ էլ Շեյխում։

Կառավարության ղեկավարը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է պատվիրակության հետ, որի կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։