Իլհամ Ալիևն ու Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
«Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ այդ գործողությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում «նախագահական ընտրությունների» անցկացումը Հայաստանի և նրա կողմից ստեղծված և աջակցվող «անջատողական կազմակերպության» կողմից Ադրբեջանի ինքնիշխանության դեմ միտումնավոր սադրանքների շարունակություն է:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ նմանատիպ սադրիչ ու խրախուսող գործողությունները կանխելու համար Ադրբեջանը ստիպված է եղել տարածաշրջանում տեղական հակաահաբեկչական միջոցառումներ սկսել։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումների իրականացման ընթացքում թիրախները քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքային օբյեկտներ չեն, ոչնչացվում են միայն օրինական ռազմական թիրախները»,- նշված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը, «հակաահաբեկչական միջոցառումները» կդադարեցվեն զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում։
Պետքարտուղարությունը ևս տեղեկություն է տարածում Ալիեւի եւ Բլինկենի հեռախոսազրույցի մասին։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Քարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև տարաձայնությունները լուծելու համար։ Քարտուղարը նշել է, որ նախագահ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ։ Միաժամանակ նա ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։