Իլհամ Ալիևն ասում է, որ Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում հանդիպել հարավկովկասյան երեք երկրների արտգործնախարարների հետ, ՀՀ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունը
Հայաստանը չի հրաժարվել Թբիլիսիում հանդիպել Հարավային Կովկասի ԱԳ նախարարների հետ,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Մենք ոչ միայն չմերժեցինք, այլեւ միշտ դրական ենք արտահայտվել նման հնարավոր հանդիպման մասին եւ նշել, որ անհրաժեշտ է աշխատել այս հանդիպման արդյունավետությունն ապահովելու համար»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Ունանյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցել Թբիլիսիում Հարավային Կովկասի երեք երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
«Այս հարցով մենք խորհրդակցություններ ենք անցկացրել վրացի գործընկերների հետ։ Վրաստանի կառավարությունը պաշտպանում է այս գաղափարը՝ Վրաստանում կազմակերպել արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում, սկսել երկխոսություն։ Ցավոք, Հայաստանը հրաժարվեց։ Պատճառն ինձ անհայտ է։ Ես չեմ կարող որևէ ողջամիտ բացատրություն գտնել»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում 9-րդ համաշխարհային ֆորումում։
Ադրբեջանի նախագահի խոսքով, նմանատիպ առաջարկներ հնչել են եվրոպական կառույցների կողմից, սակայն կրկին մերժվել են Հայաստանի կողմից։ «Եթե Հայաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ են ուզում։ Հերթական պատերազմը նրանց համար աղետ կլինի, և նրանք դա շատ լավ հասկանում են»,- ասել է Իլհամ Ալիևը։