Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության ղեկավարների գագաթնաժողովին
Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության ղեկավարների գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպմանը «լարված աշխատանքային գրաֆիկի» պատճառով։

Մինչ այդ Կրեմլում հայտարարել էին, որ սպասում են Ալիևի ժամանմանը Սանկտ Պետերբուրգ, սակայն նրա որոշումից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է․ «Իհարկե, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ հագեցած օրակարգ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին»։

Հատկանշական է, որ ավելի վաղ Ալիևը նաև չի մասնակցել Նևա քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին։ Բաքվում պատճառաբանել էին, որ Ադրբեջանը ԵՏՄ բարձրագույն խորհրդի անդամ չէ։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը վերջին անգամ ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցել էր 2025 թվականի հոկտեմբերի 9-10-ին՝ Դուշանբեում։