Իլհամ Ալիև. Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին խոսելն անհնար է առանց Վրաստանի
Իլհամ Ալիև. Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին խոսելն անհնար է առանց Վրաստանի

Վրաստանին և Ադրբեջանին միավորում են տարբեր նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Սրանք նավթի և գազի, տրանսպորտի և կապի նախագծեր են։ Սրանք մեծ նշանակություն ունեցող նախագծեր են և ստեղծում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրասիայի տրանսպորտային քարտեզը,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ալիևի խոսքով՝ անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին առանց Վրաստանի։

«Այսօր, եթե խոսենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, դա անհնար է պատկերացնել առանց Վրաստանի։ Ադրբեջանն իր նավթն ու գազը 12 երկրների է մատակարարում Վրաստանի միջոցով։ Սա տեղի է ունենում Վրաստանի տարածքով։ Տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում մենք ունենք նավահանգիստների և ճանապարհների ենթակառուցվածքային նախագծեր։ Սրանք մեր նախագծերի անբաժանելի մասն են կազմում։ Այսօր, եթե խոսենք Հարավային Կովկասի Միջին միջանցքի մասին, դա միջանցք է, որն անցնում է Ադրբեջանով և Վրաստանով, և մեր երկրների տարածքներով անցնող բեռների քանակը աճում է», – նշել է Իլհամ Ալիևը։